Կրթական բլոգ

Ինչպե՞ս որոշեցիք ընտրել մասնագիտությունը:

Դեռ դպրոցական տարիքից շատ եմ սիրել բժշկի մասնագիտությունը ու հստակ գիտեի, որ ապագայում ընտրությունս տվյալ ուղղության վրա է կանգ առնելու:

Երբ ժամանակն էր ընտրելու ավագ դպրոց, թե քոլեջ, որոշեցի ընտրել քոլեջը։ Ինչու, որովհետև այն մեկ քայլով առաջ էր տանելու ինձ և մոտեցնելու բժշկության աշխարհին։ Այժմ սովորում եմ Երևանի պետական բժշկական համալսարանում և ունեցածս փորձը շատ է օգնում ինչպես տեսական, այնպես էլ գործնական առումով։ Իսկ ստացած գիտելիքները և փորձը հնարավորություն են տալիս աշխատել և դրսևորվել ոլորտում։

Ո՞րն է այն արժեքավոր փորձառությունը, որը ստացել եք հաստատությունում ուսանելու տարիներին:

Ուսումնառության տարիներին փորձը բավականին հագեցած է եղել, քանի որ ունեցել ենք սերտ համագործակցություն հիվանդանոցի հետ, խորքային  ծանոթացել ենք թե աշխատանքի բնույթին, թե մասնագիտական հմտություններ ձեռք բերել։ Բացի մասնագիտական ձեռքբերումներից չեմ կարող չնշել ակտիվ ուսանողական գործունեության մասին։ 2 տարի շարունակ լինելով ուսանողական խորհրդի նախագահ՝  ակտիվ աշխատել եմ թիմիս հետ՝ իրագործելով թե ուսումնական, թե մշակութային ծրագրեր։

Որքանո՞վ է ստացված գիտելիքը օգնել աշխատանքում:

Ավարտելուց մեկ տարի հետո անցել եմ աշխատանքի Հրազդան ԲԿ-ի շտապ օգնություն բաժնում, և այն արդեն ապացույցն է, որ ստացած գիտելիքը և փորձը իր վերջնարդյունքին են ծառայել։ Բացի այդ, սա այն մասնագիտությունն է, որ պահանջում է պարբերական ինքնանկրթում և զարգացում։

Ստացված հմտությունը, կարողությունը հնարավորություն տալի՞ս է շուկայում լինել մրցունակ:

Մրցունակ է միանշանակ, քանի որ տրվում է համապատասխան կրթություն, որը ունի հատկանշական մրցակցային առավելություններ։ Բացի այդ, հնարավորություն է ընձեռում վերապատրաստվել և աշխատել առանց որևէ խոչընդոտի։

Ո՞րն է մասնագիտության ուժեղ կողմը:

Մեր մասնագիտությունը մարդասիրական և ամենապատասխանատու մասնագիտությունն է։ Կարծում եմ՝ ուժեղ կողմը կայանում է հենց մարդկանց օգնելու մեջ։ Այն գիտակցումը, որ քո աշխատանքով օգնում ես մարդուն, աջակցում թե հոգեպես, թե ֆիզիկապես բավականություն է պատճառում։ Ու աշխատանքում չկա ավելի հաճելի բան քան հիվանդի շնորհակալական խոսքերը։

Որպես ամբողջական գործընթաց՝ տարիների ընթացքում ինչպե՞ս կգնահատեք ամբիոնի աշխատանքների արդյունավետությունը. արդյո՞ք արդիականացում եղել է՝ և նյութատեխնիկական, և այլ ռեսուրսների մասով:

 Հետևելով գործընթացների կազմակերպման արդյունավետությանը՝ ամբիոնը կազմակերպել է աշխատանքները՝ շեշտը դնելով արդի պահանջների և թարմացումների վրա: Ամբիոնը, առաջնորդվելով տվյալ մոտեցմամբ, տարիների ընթացքում բարելավել է գործընթացները՝ թարմացնելով տեխնիկական ռեսուրսները, վերանայել կրթական առաջնահերթությունները: Հարկ է ընդգծել, որ վերջերս կրթական գործընթացում ընդգրկվել  է ծրագրավորման նոր լեզու՝ Python:

Որպես պահանջված մասնագիտության կրթական ներկայացուցիչ՝ ինչպե՞ս եք կազմակերպում ամբիոնի աշխատանքները:

Որպես ամբողջական և համագործակցային գործընթաց՝ ամբիոնի աշխատանքերի առաջնային մասն է հանդիսանում դասախոսական կազմի և մանկավարժական, և մասնագիտական շարունակական վերապատրաստումների անցկացումը:

Ամբիոնի աշխատանքները կազմակերպվում են՝ հաշվի առնելով նախանշված առաջնահերթությունները, նպատակները, որոնք օգնում են առաջ շարժվել անհրաժեշտ ուղղությամբ: Կցանկանամ առանձնացնել որոշակի աշխատանքային գործընթացներ, որոնք ընդգրկուն են. համագործակցելով համապատասխան օղակների հետ՝ կազմակերպվում են մասնագիտական հանդիպումներ, իրականացվում են աշխատանքներ, որոնց շնորհիվ ուսանողները հնարավորինս  տեղեկանում են ոլորտի թարմացումներին, նորամուծություններին:

Ինչպիսի՞ պլաններ ունեք ամբիոնի աշխատանքների կազմակերպման տեսանկյունից, որը հնարավորություն կտա բարելավել կրթական գործընթացը:

Բարելավման կարիք միշտ է առկա, բայց ներկա պլանները հիմնականում վերաբերում են կրթական գործընթացի կատարելագործման համար առաջավոր փորձի ներդրմանը, որը ընդհանուր առմամբ կնպաստի ուսումնառության որակի բարձրացմանը:

Ինչպիսի՞ հնարավորություններ է ընձեռում մասնագիտությունը:

  Լինելով հեռանկարային մասնագիտություն՝ կարելի է հարցի վերաբերյալ անվերջ խոսել, բայց փորձեմ հակիրճ լինել. առաջին հերթին մասնագիտության ընձեռած հնարավորություններից օգտվելու համար պետք է ունենալ և վերցնել այն մասնագիտական հիմքը, որը տրվում է: Շարունակելով մասնագիտական կատարելագործումը, ինքնակրթությունը և ֆորմալ, և ոչ ֆորմալ ձևաչափերով՝ հնարավոր է աշխատել ոչ միայն տեղական ՏՏ ոլորտում, այլ դուրս գալ միջազգային շուկա, որով կարծում եմ՝ մասնագիտության ընձեռած հնարավորությունների սահմանը ակնհայտ է:

Որո՞նք են մասնագիտության ուժեղ կողմերը:

Լինելով այս ոլորտի մասնագետ՝ մշտապես կատարելագործվում է մասնագետը, որը կարծում եմ՝ ուժեղ կողմերից է: Չենք կարող չշեշտել, որ ուժեղ կողմերից է այն, որ համաշխարհային մասշտաբով համարվում է բարձր վարձատրվող մասնագիտություն:

 Ինչպիսի՞ հմտություններ և գիտելիքներ պետք է ունենա մասնագետը՝ մուտք գործելով աշխատաշուկա:

Որպես մասնագիտական հմտությունների ամբողջություն՝ մասնագետը պետք է պատշաճ տիրապետի ծրագրավորման համապատասխան լեզուներին, բնականաբար պետք է տիրապետի տեղեկատվական տեխնոլոգիաներին, հարակից նրբություններին: Որպես օժանդակ հմտություններ և գիտելիքներ՝ այն մասնագետը, ով նպատակ ունի լինել ոլորտում մրցունակ պարտադիր պետք է տիրապետի օտար լեզուներին, որի շնորհիվ կբացվեն մասնագիտական նոր դռներ:

Ո՞րը կլինի այն արժեքավոր խորհուրդը, որը կցանկանաք փոխանցել ապագա մասնագետին:

Երբեք չվախենալ և լինել ռիսկային, քանի որ սա է նպատակներին ևս մեկ քայլով մոտենալու միակ ճանապարհը: