
Ողջույն տիկին Հուսիկյան, գրադարանը, որպես ֆորմալ և ոչ ֆորմալ հոգևոր-մշակութային հարստության կրող, առանցքային դերակատարում ունի հասարակության համար. գրադարանի գործունեությունը պարզապես գործունեություն չէ, այլ խրթին և պատասխանատու առաքելություն:
Մի քանի հարց գրադարանի և Ձեր գործունեության վերաբերյալ:
Սկսենք մասնագիտության ընտրությունից և կարևորությունից:
Ի՞նչն է ոգեշնչել Ձեզ ընտրել այս կարևոր և պատասխանատու մասնագիտությունը:
-Անկեղծ ասած չէի կողմնորոշվում <<Մանկավարժության>> և <<Գրադարանավարություն և մատենագիտություն>> մասնագիտությունների միջև, բայց արդյունքում հաղթեց ընթերցանության հանդեպ մեծ սերը և ճակատագիրը ինձ ուղղորդեց դեպի ներկայիս սիրելի մասնագիտությունը:
Ինչպիսի՞ վարվելակերպ պետք է ունենա գրադարանավարը, երբ շփվում է այցելուի հետ:
-Առաջին հերթին պետք է հասկանալ այցելուի նախասիրությունը և ըստ այդմ ուղղորդել նրան կատարելու ճիշտ, իրեն համապատասխան ընտրություն: Վարվելակերպի հետ կապված կարևոր պայման է լինել բարեհամբույր, ժպիտով, հասկանալ այցելուի հույզերը, երևի թե այդքանը:
Կարո՞ղ եք մտաբերել որևէ նշանավոր նախագիծ, որը Ձեր աշխատանքում ֆավորիտ նախագծերից է:
-Սիրելի նախագծերից նշեմ, որ մենք արդեն 2 տարի շարունակ կազմակերպում ենք ավանդույթ դարձած <<Նվիրիր գիրք>> նախագիծը, որի շրջանակում գրադարանին են նվիրվում բազմաթիվ գրքեր սիրելի ուսանողների, աշխատակազմի, բարերարների կողմից: Նաև այս տեսանկյունից դասախոսները, ուսանողները տարվա ընթացքում մշտապես տրամադրում են իրենց գրքերը, որոնք ընթերցվում են այցելուների կողմից:
Չենք կարող շրջանցել մեր իրականությունը, Ձեր ոլորտը ևս անմասն չի մնացել տեխնոլոգիական առաջընթացից, այս տեսանկյունից մի քանի հարց՝
ինչպե՞ս են արդի տեխնոլոգիաները օգնում Ձեզ ձեր աշխատանքում, կա՞ն ծրագրեր, հավելվածներ, որոնցից օգտվում եք:
-Տեխնոլոգիաները ունեն դրական ազդեցություն մեր ոլորտում, օրինակ՝ էլեկտրոնային գրացուցակն օգնում է խնայել ժամանակ և արագ գտնել այն գիրքը, որը փնտրում ես: Նաև մեծ առավելություն է այն, որ կարելի է համացանցից արագ գտնել այն գրականությունը, որն առկա չէ գրադարանում:
Իսկ, ո՞ր գրքերն են հաղթում. ավանդական, թե էլեկտրոնային գրքերը:
-Ի ուրախություն մեզ՝ ավանդական գրքերը դեռևս հաղթում են և ունեն դոմինանտություն էլեկտրոնայինի նկատմամբ, հուսանք, որ մշտապես կհաղթեն, և սերունդը չի կորցնի կապը իրական գրքի հետ:
Ընթերցանությունը կարևոր դերակատարում ունի անհատի ձևավորման տեսանկյունից, այս տեսանկյունից՝ ինչպիսի՞ միջոցառումներ են կազմակերպվում՝ խթանելու սովորողների շրջանում ընթերցանությունը:
-Նույն <<Նվիրիր գիրք>> նախագիծը, <<Գրքային թեմատիկ ցուցահանդեսները>>, ունենք նաև շատ կիրառական նախաձեռնություն դասախոս Ա. Կարապետյանի հետ, որը կոչվում է <<Գրքասերների ակումբ>>, որտեղ կազմակերպվում են գրքի քննարկումներ:
Ամփոփելով հարցազրույցը՝
Որո՞նք են ոլորտի մարտահրավերները և ինչպես դրանք վերածել հնարավորության:
-Առաջնային և հրատապ մարտահրավերը մասնագիտական հայալեզու նոր և առավել խորացված գրականության սակավությունն է, որը մեր ոլորտի համար իրական մարտահրավեր է և ունի փոխկապակցված բացասական ազդեցություն ոչ միայն մեր ոլորտի, այլև կրթական համակարգի համար: Անգլալեզու գեղարվեստական գրականության սակավությունը ևս կարելի է համարել մարտահրավեր:
Ինչպես կմոտիվացնեք ընթերցել չսիրող համայնքին՝ Ձեր տարբերակը:
-Չկա մարդ, ով չսիրի ընթերցանությունը պարզապես պետք է գտնել նրա նախասիրություններին համապատասխան գեղարվեստական ժանր:
Ձեր Խորհուրդները ներկա սերնդին:
-Երբեք չդադարել ընթերցել, սովորել և կատարելագործվել սիրելի բնագավառում և միշտ հիշել, որ ընթերցանության միջոցով մենք ծանոթանում ենք այլոց կյանքի փորձին, որը մեզ հնարավորություն կտա կյանքում ճիշտ կողմնորոշվել: