ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջը միջին մասնագիտական, բազմագործառութային ուսումնական հաստատություն է, որն ունի 58 տարվա պատմություն: Քոլեջը հիմնադրվել է 1966 թվականին և կոչվել Հրազդանի ինդուստրիալ-տեխնոլոգիական տեխնիկում: 2000 թվականին տեխնիկումը վերանվանվել է Հրազդանի պետական քոլեջ, իսկ 2011 թվականի ապրիլի 21-ի թիվ 346-Ա/Ք հրամանի համաձայն` Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ ՊՈԱԿ: Իր գործունեության տարիներին քոլեջը բազմապիսի մասնագիտություններով բազմաթիվ կադրեր է պատրաստել, որոնցից շատերն աշխատել և աշխատում են տարածաշրջանի մի շարք հիմնարկ ձեռնարկություններում: Այժմ քոլեջը տարածաշրջանին և հնարավոր շահառուներին ներկայանում է հիմնովին նորոգված և համալրված արդի տեխնիկական միջոցներով և կահույքով: Քոլեջն ունի համակարգչային ժամանանակակից տեխնիկայով ապահոված լսարաններ (գործում է ինտերնետային կապ), լինգաֆոնային սարքավորումներ, մասնագիտական արհեստանոցներ, լաբորատորիաներ, մարզադահլիճ, հանդիսությունների դահլիճ, գրադարան: ԿՏՊՔ-ն իրականացնում է միջին և նախնական մասնագիտական կրթական ծրագրով մասնագետների պատրաստում հետևյալ մասնագիտություններով.
1. 1041.01.5 — «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում»
2. 0411.01.5 — «Հաշվապահական հաշվառում »
3. 0613.01.5 — «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում»
4. 0212.01.5 — «Դիզայն»
5. 0413.06.5 — «Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ»
6. 0811.03.5 — «Ջերմատնային տնտեսություն»
7. 0732.10.4 — «Գազային սարքավորումների և ստորգետնյա գազատարների տեխնիկական շահագործում» (նախնական մասնագիտական կրթական ծրագրերին համապատասխան)
8. 0911.01.5 — «Ատամնատեխնիկական գործ»
9. 0913.02.5 — «Քույրական քործ»
10. 0916.01.5 — «Դեղագործություն»
Քոլեջում դասավանդում են բարձրակարգ մասնագետներ, իսկ ԿՏՊՔ-ի 6 դասախոսներ մասնագիտական ուսումնական ձեռնարկների և գիտական հոդվածների հեղինակներ են: Քոլեջի դասախոսական և վարչական կազմը հաճախակի վերապատրաստումներ է անցնում գերմանական GIZ կազմակերպության, ՄԿՈՒԶԱԿ-ի, British Counsil –ի կողմից իրականացվող վերապատրաստման դասընթացներին և բարձրացնում մասնագիտական որակը: Ուսուցումը քոլեջում իրականացվում է մոդուլային համակարգով և ինտերակտիվ մեթոդներով:Քոլեջը համագործակցում է ինչպես Հրազդանի զբաղվածության տարածքային կենտրոնի, այնպես էլ տարածաշրջանի խոշոր հիմնարկ-ձեռնարկությունների և հյուրանոցային համալիրների հետ: Վերջիններիս հետ քոլեջը կնքում է նաև պրակտիկայի պայմանագրեր: Քոլեջը, կախված մասնագիտությունից, իրականացնում է ընդունելություն 9-ամյա և 12- ամյա կրթության հիմքով: Ընդունված ուսանողների մոտ 90%-ը սովորում է անվճար հիմունքներով: Քոլեջում լավ և գերազանց գնահատականներով ավարտած ուսանողները հնարավորություն ունեն կրթությունը շարունակելու ԲՈՒՀ-երի համապատասխան բաժինների 2-րդ կուրսում: Կրթական առաջավոր հայեցակարգերի և տեխնոլոգիաների ներդրմամբ` ավանդական, ինչպես նաև նպատակային փորձարարական և նորարարական ծրագրերի իրականացմամբ քոլեջը դարձել է տարածաշրջանային բազմագործառութային կենտրոն` ստանձնելով կրթական բարեփոխումներն առաջնորդողի, տարածողի դերը` ապահովելով որակյալ մասնագետների պատրաստումը աշխատաշուկայի պահանջներին և անձի պահանջմունքներին համապատասխան: